«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կառլոս Տևեսը խոստովանել է, որ այս ամռանը նա դեպրեսիայի պատճառով ավելորդ քաշ է հավաքել, քանի որ անընդհատ կերել է և արդյունքում ստիպված է եղել բուժհետազոտություն անցնել կլինիկայում։
«Ես այս ամռանը անձնական ճգնաժամ ապրեցի, - Տևեսի խոսքերն է մեջբերում The People-ը, - ավելորդ 5-6 կիլոգրամ հավաքեցի, ինչից հետո ստիպված եղա բուժհետազոտություն անցնել։ Ես դեպրեսիայի մեջ էի, այդ իսկ պատճառով անվերջ ուտում էի։ Այդ մասին գիտեն միայն իմ ընտանիքը և ընկերներս»։
Հիշեցնենք, որ 27-ամյա արգենտինացին ցանկանում էր լքել «քաղաքաբնակներին» և հանդես գալ տանն ավելի մոտ, սակայն նրա տեղափոխությունը «Կորինտիանս» այդպես էլ չկայացավ։ Իսկ Արգենտինայի հավաքականի կազմում Տևեսն անհաջող հանդես եկավ Ամերիկայի գավաթում և չկարողացավ դիպուկ իրացնել Ուրուգվայի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը։