
"Փյունիկի" բրազիլացի հարձակվող Մարկոս Պիզելին Հայաստանում աչքի է ընկնում իր արդյունավետ խաղով: 4,5 մրցաշրջանի ընթացքում նա 3 անգամ ճանաչվել է առաջնության լավագույն ռմբարկու: Պաշտոնական մրցումներում բրազիլացի ֆուտբոլիստն արդեն 82 գոլի հեղինակ է դարձել: Իսկ դա նշանակում է, որ նոր մրցաշրջանում էլ արդյունավետ գործելու դեպքում Մարկոսը հիանալի հնարավորություն ունի դառնալու օտարերկրացի առաջին ֆուտբոլիստը ռմբարկուների խորհրդանշական "100-ի ակումբում": Այդ ակումբի շարքերը համալրելու համար Մարկոսին անհրաժեշտ է պաշտոնական մրցումներում 18 գոլ խփել: Դա լիովին իրագործելի խնդիր է, եթե հաշվի առնենք, որ անցած մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը պաշտոնական մրցումներում իր օգտին 20 գոլ է գրանցել: Դրանցից 16-ը նա խփել է ՀՀ առաջնությունում, 3-ը' ՀՀ գավաթի մրցաշարում, մեկ անգամ էլ աչքի է ընկել Հայաստանի ազգային հավաքականում' գրավելով Անդորրայի հավաքականի դարպասը: Այնպես որ Մարկոսը համարվում է "100-ի ակումբի" թիվ 1 թեկնածուն: Ակումբի թեկնածուների ցանկը գլխավորում է ուլիսցի Արտյոմ Ադամյանը, որին երանելի բարձունքը հաղթահարելու համար մնացել է խփել ընդամենը 8 գնդակ: Անցած մրցաշրջանում նրա նշանառությունը կարծես թե խախտվել էր: Առաջնության 25 հանդիպումներում նա ընդամենը 4 անգամ կարողացավ գրավել մրցակիցների դարպասները, մեկ գնդակ էլ խփեց ՀՀ գավաթի մրցաշարում: 81 գոլի հեղինակ է շիրակցի Արարատ Հարությունյանը, սակայն հաշվի առնելով նրա տարիքն ու բավական ցածր արդյունավետությունը (անցած տարի նա ընդամենը 1 գոլ խփեց), գյումրեցի ֆուտբոլիստը դժվար թե կարողանա հատել 100 գոլի սահմանագիծը: Իսկ ահա "Բանանցի" հարձակվող Սամվել Մելքոնյանն ու փյունիկցի Գևորգ Ղազարյանը "100-ի ակումբի" իրական թեկնածուներ են և մոտակա տարիներին կարող են համալրել ռմբարկուների ընտանիքը: Անցած մրցաշրջանը շատ հաջող էր 22-ամյա Գևորգ Ղազարյանի համար, որը պաշտոնական մրցումներում բոլորից արդյունավետ գործեց' խփելով 23 գնդակ: Դրանցից 16-ը նա իր օգտին գրանցեց առաջնությունում' Մարկոսի հետ ճանաչվելով լավագույն ռմբարկու: 2 անգամ Ղազարյանն աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականում' գրավելով Սլովակիայի և Անդորրայի հավաքականների դարպասները, 3 գոլ խփեց ՀՀ երիտասարդական հավաքականի ընտրական մրցախաղերում (Էստոնիա' 2, Իռլանդիա), 2 գնդակ էլ իր օգտին գրանցեց ՀՀ գավաթի մրցաշարում: "100-ի ակումբի" հաշվարկով այսօր փյունիկցի հարձակվողի հաշվին արդեն 64 գոլ է գրանցված: Նա հիանալի հնարավորություն ունի մոտակա տարիներին համալրելու ռմբարկուների ընտանիքը, եթե իհարկե շարունակի ելույթները Հայաստանում: Նույնը վերաբերում է նաև "Բանանցի" արդեն բավական փորձառու հարձակվող Սամվել Մելքոնյանին: 26-ամյա ֆուտբոլիստը պաշտոնական մրցումներում 74 գոլ է խփել: Ակումբի շարքերը համալրելու լավ հնարավորություններ է պահպանում նաև փյունիկցի Էդգար Մանուչարյանը, որը հնգամյա ընդմիջումից հետո վերադարձել է հարազատ ակումբ: Հիշեցնենք, որ "100-ի ակումբի" անդամ կարող են դառնալ ՀՀ բարձրագույն խմբի առաջնություններում (Ա), ՀՀ գավաթի (Գ), Սուպերգավաթի (Ս), եվրոպական գավաթների (Ե), "Համագործակցության գավաթի" (ԱՊՀ) խաղարկություններում, ինչպես նաև Հայաստանի ազգային (ԱՀ) և երիտասարդական (ԵՀ) հավաքականներում ընդհանուր առմամբ 100 և ավելի գոլ խփած ֆուտբոլիստները:
|