
Հեթ տրիկ բառակապակցությունը քաջ հայտնի է ֆուտբոլասերներին:Այդպես են անվանում այն դեպքերը, երբ ֆուտբոլիստները մեկ խաղում 3 և ավելի գոլեր են խփում: Նման արդյունքի հասնելն այնքան էլ դյուրին գործ չէ, սակայն ՀՀ առաջնություններում այդպիսի իրադարձությունները եզակի չեն: Հեթ տրիկների առատությամբ հատկապես աչքի է ընկել 1992թ. կայացած Հայաստանի բարձրագույն խմբի անդրանիկ առաջնությունը, որում գրանցվել էր նման 75 դեպք: Դա հիմնականում պայմանավորված էր մասնակից 24 թիմերի խաղամակարդակների խիստ տարբերությամբ:
Հենց 1992թ. էլ "Արարատի" հարձակվող Վահե Յաղմուրյանը մեկ խաղի արդյունավետության ռեկորդ սահմանեց, որը մինչ օրս նույնիսկ կրկնել չի հաջողվել: Հունիսի 11-ին "Հրազդանում" կայացած խաղում, որում արարատցիները հաղթեցին ռեկորդային 18:0 հաշվով, Յաղմուրյանը 8 անգամ գրավեց Սևանի "Ախթամարի" դարպասը:
"Բանանցի" նախկին հարձակվող Աշոտ Բարսեղյանին 2 անգամ հաջողվել է մեկ խաղում 7 գնդակ խփել (1992թ.' "Կիլիկիային", 1993թ.' "Քասախին"): 4 ֆուտբոլիստներ' Էդուարդ Վերանյանը (1992թ.' "Դեբեդին"), Անդրանիկ Հովսեփյանը (1993թ.' "Կանազին"), Արթուր Պետրոսյանը (1997թ.' "Լոռիին") և Արման Քարամյանը (2002թ.' "Լոռիին") մեկ խաղում աչքի են ընկել 6-ական անգամ: 14 անգամ ֆուտբոլիստներն իրենց օգտին մեկ խաղում 5 գոլ են գրանցել: Նման վերջին դեպքը ՀՀ առաջնություններում գրանցվել է 2003թ. հուլիսի 26-ին: Այդ օրը "Բանանցի" հարձակվող Արա Հակոբյանը 5 անգամ գրավել է "Դինամոյի" դարպասապահ Մանվել Աֆրիկյանի պաշտպանած դարպասը: Վերը նշված ֆուտբոլիստներին իրոք կարելի է ֆուտբոլային հրաշագործներ համարել:
Խորհրդային ֆուտբոլում "Սովետսկի վոյին" ամսագիրը "Հարձակման ասպետին" անվանումով հատուկ մրցանակ էր սահմանել մեկ մրցաշրջանում առաջնության հանդիպումներում առավել հաճախակի հեթ տրիկի հեղինակ դարձած ֆուտբոլիստի համար: Մրցանակի առաջին դափնեկիրն "Արարատի" վաղամեռիկ հարձակվող Համլետ Մխիթարյանն էր, որը 1984թ. 3 հեթ տրիկի հեղինակ էր դարձել' խփելով 3-ական գոլ: Եթե Հայաստանում նմանօրինակ մրցանակ խաղարկվեր, ապա առաջին դափնեկիրները կլինեին միանգամից 4 ֆուտբոլիստներ' Վահե Յաղմուրյանը, Աշոտ Բարսեղյանը, Կարեն Մարկոսյանն ու Գեղամ Հովհաննիսյանը, որոնք 1992թ. իրենց օգտին 4-ական հեթ տրիկ էին գրանցել: 1993թ. այդ ցուցանիշը գերազանցեց "Ցեմենտի" հարձակվող Հովհաննես Թումբարյանը' դառնալով 5 հեթ տրիկի հեղինակ: Հաջորդ մրցաշրջանում նոր ռեկորդ սահմանեց 39 գնդակով առաջնության լավագույն ռմբարկու ճանաչված Արսեն Ավետիսյանը' իր օգտին 6 հեթ տրիկ գրանցելով: 2002թ. նոր ռեկորդակիր դարձավ Արման Քարամյանը' 8 անգամ մեկ խաղում խփելով 3 և ավելի գոլ: Հաջորդ տարի ռեկորդային արդյունք ցույց տվեց 45 գնդակով առաջնության լավագույն ռմբարկու ճանաչված Արա Հակոբյանը, որը դարձավ 9 հեթ տրիկի հեղինակ: Այդ արդյունքը մինչ օրս նույնիսկ կրկնել չի հաջողվել:
Վերջին տարիներին մեկ խաղում նույնիսկ 3 գոլ խփելը չափազանց դժվարին խնդիր է դարձել: Օրինակ, 2008թ. միակ մրցաշրջանն էր, որում ընդհանրապես հեթ տրիկ չգրանցվեց: 2009թ. դրանց թիվը 6-ն էր: Անցած տարի գրանցվեց ընդամենը 4 հեթ տրիկ: Առաջինի հեղինակը "Բանանցի" հարձակվող Սամվել Մելքոնյանն էր, որն ապրիլի 3-ին "Իմպուլսի" հետ կայացած խաղում 3 անգամ գրավել էր Գրիգոր Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը: Ընդ որում գոլերից երկուսը նա խփել էր 11մ հարվածով: Մյուս 3 հեթ տրիկները գրանցվել էին "Փյունիկի" հարձակվող Գևորգ Ղազարյանի օգտին: Ֆուտբոլային իր կարիերայում Գևորգ Ղազարյանը ՀՀ առաջնություններում 4 անգամ է հեթ տրիկի հեղինակ դարձել: Առաջին հեթ տրիկը նրա օգտին գրանցվել է 2007թ. սեպտեմբերի 1-ին "Նաիրի" մարզադաշտում "Արարատի" հետ կայացած խաղում: Գևորգ Ղազարյանը "Փյունիկից" նոր էր տեղափոխվել "Բանանց", որի կազմում նորամուտը նշեց հեթ տրիկով' 3 անգամ գրավելով Նիկոլայ Սարգսյանի պաշտպանած դարպասը:
2010թ. առաջնությունում առաջին հեթ տրիկը Ղազարյանի օգտին գրանցվել է մայիսի 1-ին Կապանում կայացած խաղում, որում "Փյունիկը" 6:1 հաշվով հաղթել է "Գանձասարին": Մայիսի 14-ին "Շիրակի" հետ երևանյան խաղում Գևորգ Ղազարյանը կրկնեց հաջողությունը' ստիպելով շիրակցի Նորայր Աբրահամյանին 3 անգամ գնդակը հանել ցանցից: Վերջինս դարպասապահի համար այդ տհաճ գործողությունը 22-րդ տուրի խաղում Գևորգ Ղազարյանի դիպուկ հարվածներից հետո կրկին ստիպված էր կատարել 3 անգամ:
Հայաստանի առաջնություններում առավել հաճախակի' 17-ական անգամ հեթ տրիկի հեղինակ են դարձել Արա Հակոբյանն ու Արսեն Ավետիսյանը: Հեթ տրիկ գրանցած խաղերում Հակոբյանը դարձել է 57, Ավետիսյանը' 56 գոլի հեղինակ: Հակոբյանը 12 անգամ մեկ խաղում խփել է 3, 4 անգամ' 4, մեկ անգամ էլ' 5 գնդակ: Ավետիսյանը 12 անգամ մեկ խաղում խփել է 3, 5' անգամ' 4 գնդակ:
Ներկայացնում ենք 6 և ավելի հեթ տրիկների հեղինակ դարձած ֆուտբոլիստների ցանկը: Աղյուսակում նշված է նաև հեթ տրիկ գրանցած խաղերում ֆուտբոլիստների խփած գոլերի ընդհանուր քանակը, ինչպես նաև, թե քանի անգամ են նրանք մեկ խաղում 3, 4, 5, 6, 7 կամ 8 գնդակ խփել: