
Այն բանից հետո, երբ "Կիլիկիան” ֆինանսական խնդիրների հետևանքով լուծարվեց, այդ թիմի ֆուտբոլիստները ստացան ազատ խաղացողի կարգավիճակ: Բնականաբար, ֆուտբոլիստները ձգտում են օր առաջ իրենց համար նոր թիմ գտնել, քանի որ այժմ մրցաշրջանի նախապատրաստության եռուն շրջանն է:
Արդեն երկու կիլիկիացիներ ընդգրկվել են Կապանի "Գանձասարում”, որը գլխավորում է Աբրահամ Խաշմանյանը: Ինչպես հայտնի է, Խաշմանյանը նախորդ տարվա մրցաշրջանի սկզբում գլխավորում էր "Կիլիկիան”, սակայն առաջնության մի քանի տուրերից հետ պաշտոնանկ եղավ: Բնականաբար, Խաշմանյանը քաջատեղյակ է "Կիլիկիայի” ֆուտբոլիստների հնարավորություններին և այժմ "Գանձասար” է հրավիրել իր նախկին սաներից երկուսին` դարպասապահ Արմեն Խաչատրյանին և կիսապաշտպան Հայկ Մկրտչյանին: Այս ֆուտբոլիստներն արդեն "Գանձասարի” տրամադրության տակ են և ինչպես ArmSport.am- ը տեղեկացավ գլխավոր մարզչից, "Գանձասարի” հետ մեկնելու են Անթալիա` ուսումնամարզական հավաքի:
Այժմ "Գանձասարը” ֆուտբոլի ակադեմիայում ուսումնամարզական հավաք է անցկացնում, որն ավարտելու է վաղը, իսկ 4 օր անց թիմը երկշաբաթյա հավաքի կմեկնի Թուրքիա: Այնտեղից արդեն թիմը կուղևորվի Աշխաբադ` մասնակցելու "Թուրքմենբաշու գավաթի" խաղարկությանը: