"Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ուրբաթ օրը բավական տարօրինակ հարցազրույց է տվել, որի ընթացքում ստիպված է եղել մի շարք սուր հարցերի պատասխանել: Եվ չնայած նախկինի պես հիասթափեցնող արդյունքներին' ֆրանսիացի մասնագետը վստահ է, որ իր մեթոդները ճիշտ են:
Ըստ ավանդույթի' "Արսենալի" բոլոր հարցազրույցները բաժանվում են երկու հատվածի. սկզբում Արսեն Վենգերը հանդես է գալիս տեսախցիկների առջև, այնուհետև թույլ է տալիս տպագիր մամուլի ներկայացուցիչներին հարցեր հղել նրան, և հարցազրույցի այդ հատվածը չի տեսագրվում:
Ukfootball.ru-ն ներկայացրել է հարցազրույցի երկրորդ հատվածն ամբողջությամբ.
-Դուք այստեղ ֆանտաստիկ կարիերա եք անցկացրել, և ոչ ոք դա չի հերքում, բայց կարո՞ղ եք արդյոք հասկանալ երկրպագուներին, որոնք ցանկանում են ավելի փորձառու թիմ տեսնել, պատկերացնո՞ւմ եք' ի՞նչ արդյունքի կարող էիք հասնել' ունենալով նման թիմ:
-Ես դեմ եմ մակերեսային քննադատությունների, դա այն է, ինչի դեմ ես պայքարում եմ: Օրինակ, ինձ հարցնում են' ինչու ես չեմ գնում կենտրոնական պաշտպանների: Մեր պաշտպանությունը ավելի լավն է, քան "Մանչեսթեր Յունայթեդի" պաշտպանությունը, բայց այդ մասին որևէ մեկը չի խոսում: Մի՞թե մենք պետք է հրաժարվենք Ֆերմալենից, Ջուրուից և Շչեսնիից: Ինչո՞ւ:
-Դուք ասում էիք, որ այս թիմը իր տարիքի համար լավ է դրսևորում իրեն և որ փորձը կարևոր դեր չի խաղում:
-Մեր տարիքի համար մենք լավ ենք հանդես գալիս և առաջնությունում զբաղեցնում ենք երկրորդ տեղը: Ձեզ համար դա սարսափելի է: Կան թիմեր, որոնք մեզանից տասն անգամ ավելի շատ գումար են ներդնում, նրանց մոտ մեկ ֆուտբոլիստը մեր ողջ թիմից թանկ է, բայց նրանք զգալիորեն զիջում են մեզ: Ես չեմ հասկանում որոշ մարդկանց մտածելակերպը:
-Բանը նրանում է, որ այդպես են մտածում երկրպագուները:
-Մի թաքնվեք նրանց ասածների ետևում: Ասեք այն, ինչ ինքներդ եք մտածում: Դուք չեք կարող իմանալ' ինչ են մտածում ֆուտբոլասերները, որովհետև այն, ինչ գրում են թերթերում, դա համացանցում տարածված կարծիքների ընդամենը 5%-ն է: Գոյություն ունի նաև մնացած 95%-ը:
-Մարդիկ բողոքում էին "Բլեքբերնի" հետ հանդիպումից հետո:
-Յուրաքանչյուր հանդիպմանը կգտնվեն մարդիկ, ովքեր դժգոհ կլինեն: Ես չեմ հասկանում երկրպագուների բողոքները:
-Դեռ չորս տարի առաջ նրանք բողոքում էին, որ բավական երկար ժամանակահատված է անցել առանց տիտղոսների:
-Դուք գնահատում եք ա՞յս մրցաշրջանը, թե' նախորդ չորս տարիները: Որոշ թիմեր, որոնք մեզանից ետ են, արդեն 20 տարի է' ոչինչ չեն հաղթում, սակայն անսպասելիորեն նրանց գովաբանում են: Մենք դեռ ութ հանդիպում պետք է անցկացնենք, մենք պայքարում են տիտղոսի համար և անելու ենք այն ամենն, ինչ հնարավոր է: Եթե արդյունքում մենք հիասթափված մնանք, դա ուրիշ խոսք: Ինչո՞ւ եք դուք կարծում, որ լինել երկրորդը լիգայում սարսափելի է:
-Դուք Ձեզ չե՞ք համարում սեփական հաջողության զոհը:
-Ես որևէ բանի զոհը չեմ: Ես փորձում եմ կատարել աշխատանքս այնպես, ինչպես կարողանում եմ, և վերջ:
-Բայց Ձեզ գնահատում են' դատելով արդյունքից:
-Ես Ձեզ արդեն ասացի, որ ամենաբարդը միշտ վերևում մնալն է, և դա ամենակարևորն է մեր աշխատանքում: Մենք 15 տարի աշխատում ենք Չեմպիոնների լիգայում, և այս երկրում միայն երկու ակումբ կա, որոնք նման ցուցանիշ ունեն' "Արսենալը" և "Մանչեսթեր Յունայթեդը":
-Արսեն, բոլորը հարգանքով են վերաբերվում այն ամենին, ինչ դուք անում եք, բայց չարժե՞ այնպիսի ակումբի մասին, ինչպիսին «Արսենալն» է, դատել ըստ նվաճած տիտղոսների: Եւ բոլորովին ակնհայտ է, որ վերջին վեց տարիների ընթացքում ոչ մի տիտղոս չի եղել:
-Տիտղոսները միայն մեկ միջոց են ակումբի մասին դատելու:
-Տիտղոսները հաջողության մասին դատելու չափազանցվա՞ծ մեթոդ են:
-Դա չափազանցված մեթոդ չէ, դա քեզ թույլ է տալիս ասել, որ դու տիտղոս ես նվաճել, բայց դուք կփոխեի՞ք Անգլիայի գավաթի հաղթանակը Չեմպիոնների լիգայի մասնակցության հետ: Չեմպիոնների լիգայում խաղալը տիտղո՞ս է, թե' ոչ: Մի՞թե Անգլիայի գավաթն ավելի կարևոր է: Մենք անում ենք այն ամենն, ինչ մեր ուժերի սահմաններում է, և եթե դա բավարար չէ, նշանակում է, դա բավարար չէ: Բայց մի բանի հետ ես համամիտ չեմ, որ ամեն ինչ կտրուկ վատացավ: Մենք կառուցել ենք այս ակումբը: Դուք վաղը այս թիմի խաղացողներին կնայեք, և մենք կխոսենք 10 տարի հետո:
-Մենք գիտենք, որ դուք հեքիաթային առաջարկներ եք ունեցել Մադրիդի «Ռեալից», «Բարսելոնայից» և «Մանչեսթեր Սիթիից»: Եթե շարունակվեն առաջարկները, դա ձեզ չի՞ ստիպի հեռանալու մասին մտածել, եթե ձեր աշխատանքը չգնահատեն:
-Հեռանալու մասին ես չեմ մտածում: Ես սիրում եմ այս ակումբը և նրա համար անում եմ ամեն ինչ: Ես այդպես չեմ մտածում և երբ ես ինչ-որ բանի կապվում եմ, նրան են տալիս բացարձակ ամեն ինչ: Մրցաշրջանի ավարտին ես ետ կնայեմ և կտեսնեմ, թե ինչը մենք լավ արեցինք, ինչը' վատ: Մենք առաջնության երկրորդ տեղում ենք, և դա չի կարելի սկանդալ համարել: Որտե՞ղ է սթափ միտքը: Ես իմ ունեցած խաղացողներով անում եմ այն, ինչ կարող եմ:Եւ ինձ համար կարևոր է, թե որքան լավ ենք մենք ելույթ ունենում: Մնացածն ինձ չի մտահոգում:
-Ի՞նչ կլիներ ակումբի ճակատագիրն առանց Ձեզ, Արսեն:
-Ես չգիտեմ, թե ինչ կլիներ «Արսենալի» հետ առանց ինձ: Հնարավոր է, որ այն ավելի լավ ելույթ ունենար, հնարավոր է'ավելի վատ: Ես հույս ունեմ, որ ակումբն ավելի լավ կխաղա: Բայց մենք չպետք է մտածենք, որ իրավունք ունենք մնալ այնտեղ, որտեղ հիմա գտնվում ենք:
-Մենք հազվադեպ ենք Ձեզ տեսնում այդպես ոգևորված և հուզված: Ձեզ համար ցավալի՞ է:
-Ինձ համար բոլորովին ցավալի չէ, ես պաշտպանում եմ այն, ինչ մենք այստեղ անում ենք: Դա է ամենը: Ես չեմ հասկանում, թե ինչու մենք պետք է վատը լինենք, եթե չեմպիոնության համար ենք պայքարում: Ես ստիպված եմ պատասխանել այն հարցին, թե ինչու է դա աղետ: Եթե ես չեմ կարողանում պաշտպանել մեզ, պաշտպանում է այն փաստը, որ մենք առաջնության երկրորդ տեղում ենք և պայքարում ենք տիտղոսի համար:
-Արսեն, երբեմն Ձեզ քննադատում են այն բանի համար, որ Դուք որակյալ ֆուտբոլիստներ ձեռք չեք բերում: Դուք փոխե՞լ եք Ձեր ռազմավարությունը:
-Իհարկե, մենք փոխել ենք մեր ռազամավարությունը և աշխատում ենք երիտասարդ խաղացողների գնել: Ֆուտբոլում շատ կարևոր է, որպեսզի այլ մեթոդներ էլ լինեն, բացի այն բանից, որ գումարը դրվի սեղանին և գնվի աստղ: Ես կարծում եմ, որ դա ֆուտբոլի համար շատ կարևոր է:
-Կարելի՞ է այդ մասին ավելի մանրամասն:
-Ոչ, ես չեմ ցանկանում մանրամասնել: Մենք ճիշտ ենք վարվում: Անձամբ ես հպարտանում եմ այս թիմով, այս խաղացողներով, նրանց վերաբերմունքով ֆուտբոլի նկատմամբ և այն ֆուտբոլով, որը մենք ենք ցուցադրում: Դա միայն այս երկրում ենք բախվում այս ամենին: Ամբողջ աշխարհում «Արսենալին» ավելի շատ են հարգում, դա կարող եմ ձեզ հավատացնել:
-Դուք հիշատակեցիք «Բարսելոնայի» հետ միջին տարիքում տարբերությունների մասին, պատճառներից մեկը, թե ինչու չեք կարողանում տիտղոսներ շահել, բայց ինչպե՞ս կփոխվի իրավիճակը, եթե Դուք թիմ անընդհատ երիտասարդ խաղացողների հրավիրեք:
-Հենց այդ պատճառով է անհրաժեշտ այդ խաղացողներին միասին պահել: Մենք թիմում ունենք շատ լավ խաղացողներ, և ապագան դա կապացուցի: Կխաղան նրանք այստեղ, թե' մեկ այլ թիմում, դուք կհասկանաք, որ նրանք տաղանդավոր ֆուտբոլիստներ են: