Սամարայի "Կռիլյա Սովետով" ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Թարխանովը կիսվել է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Ռուսաստանի եւ Հայաստանի հավաքականների միջեւ սպասվող խաղի մասին իր սպասելիքներով, միաժամանակ ընդգծելով, որ Դիկ Ադվոկատի սաները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի վրա:
- Ըստ էության, Հայաստանի ներկայիս հավաքականն ավելի ուժեղ է Հայաստանի այն հավաքականից, որի հետ 12 տարի առաջ Ռուսաստանի հավաքականը հանդիպել է Եվրո-2000-ի ընտրական փուլում: Այն ժամանակ, ԽՍՀՄ փլուզումից հետո, հետխորհրդային շատ պետություններում ֆուտբոլը նոր էր վերածնվում: Իսկ ահա այսօր արդեն Հայաստանի հավաքականը կանգնած է ամուր հիմքերի վրա: Հայաստանի ընտրանու կազմում ես ցանկանում եմ հատուկ առանձնացնել հարձակվող Յուրա Մովսիսյանին, ով գրավեց մեր մրցակից սլովակների դարպասը, ինչպես նաեւ հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանին, ով հանդես է գալիս Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի մասնակից Դոնեցկի "Շախտյորի" կազմում:
- Ձեր կարծիքով, առավելապես ինչի՞ հաշվին հայերին հաջողվեց նախորդ տարվա աշնանը հաղթել Աշխարհի առաջնության մասնակից Սլովակիայի հավաքականին:
- Հայերը սլովակներին հաղթեցին կազմակերպվածության եւ բարձր կարգապահության, ինչպես նաեւ թիմի կազմում կատարողական բարձր վարպետությամբ օժտված ֆուտբոլիստներ ունենալու հաշվին: Այստեղ ես կրկին պետք է առանձնացնեմ Մխիթարյանին: Նա հիանալի ֆուտբոլիստ է: Ի դեպ, 1989թ-ին ես հնարավորություն եմ ունեցել աշխատելու նրա հոր` Համլետ Մխիթարյանի հետ: Այն ժամանակ ես "Կոտայք" թիմի գլխավոր մարզչի խորհրդականն էի, իսկ Համլետ Մխիթարյանն այդ ժամանակահատվածում խաղում էր "Կոտայքում": Նա շատ ուժեղ հարձակվող էր: Առանց որեւէ չափազանցության պետք է ասեմ, որ հիմա Հայաստանի հավաքականի խաղն ամբողջությամբ կառուցվում է նրա որդու շուրջը:
- Ինչպե՞ս կգնահատեք Ռուսաստանի հավաքականի հնարավորություններն առաջիկա խաղում:
- Այս խաղում կարեւոր են այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են նվիրվածությունը եւ տրամադրվածությունը: Կարեւոր է թույլ չտալ, որպեսզի տրամադրվածությունը լինի այնպիսին, ինչպիսին Բելգիայի եւ Իրանի հավաքականների հետ խաղերի ժամանակ էր: Իսկ ընդհանուր առմամբ, խաղային յուրաքանչյուր դիրքում Ռուսաստանի հավաքականն ուժեղ է հայկական թիմից: Այդ տեսանկյունից թերեւս միայն Հենրիկ Մխիթարյանը կարող է համեմատվել Ռուսաստանի հավաքականի միջին գծում հանդես եկող ֆուտբոլիստների հետ: Այնպես որ, կարծում եմ մենք այս խաղում հաջողության հասնելու լավ հնարավորություններ ունենք:
Հաշիվը...կարծում եմ կհաղթենք 2-1 հաշվով:
rusfootball.info